AM
10 July 2009 - 12:07 AMT

Բողոքների քանակով առաջին տեղում ՀՀ ոստիկանությունն է

2008թ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը 1768 բողոք է ստացել Երեւանի բնակիչներից, իսկ 2009թ. նույն ժամանակահատվածում բողոքների քանակը 1833 էր, այսինքն այս տարի դրանց թիվն աճել է 27 տոկոսով: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքերով, բողոքների քանակով առաջին տեղում ՀՀ ոստիկանությունն է, հաջորդում է կրթության ու գիտության նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, դատարանները, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը: Հարությունյանը նշել է, որ հազվադեպ չեն այն դեպքերը, երբ քաղաքացիները ոստիկանության դեմ իրենց բողոքները ետ են վերցնում: «Մենք ենթադրում ենք, որ մարդկանց վրա ճնշում է գործադրվել, թեեւ նրանք չեն խոստովանում»,-ասել է օմբուդսմենը:

Հարությունյանը նաեւ կարծիք է հայտնել, որ քաղաքում պաշտոնյաներն ամենուրեք չարաշահում են իրենց դիրքերը, ոստիկանությունում մարդկանց սահմանվածից ավել են պահում: Ընդ որում Հարությունյանը, պատասխանելով Աբովյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին հարցին, ընդգծել է, որ գործը մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի, քանի որ լրջորեն տուժել է ոստիկաններից մեկը, որն այժմ վերակենդանացման բաժնում է: