«Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում 3 ֆիլմ է ներկայացվել երեխաների մասին: Բոլոր երեք ֆիլմերը մասնակցում են «Միջազգային կինո» ծրագրին:
Իրանցի ռեժիսոր Ռամթին Լավաֆիպուրի «Հանգստացիր եւ հաշվիր մինչեւ յոթը» ֆիլմը պատմում է հորը կորցրած պատանու, հարսանիքի երկրորդ օրը ամուսնուն կորցրած համր աղջկա եւ մի տղամարդու մասին, որի կինը մշտապես պահանջում է լքել երկիրը, առավել լավ կյանք որոնելու նպատակով: Ֆիլմը հասցրել է դառնալ Ռոտերդամի, Դուբայի, Ֆրիբուրգի, Շանհայի եւ Հռոմի փառատոների մրցանակակիրը:
Վրաց ռեժիսոր Գեորգի Օվաշվիլու «Մյուս ափը» ֆիլմը պատմում է Թեդո անունով 11-ամյա տղայի` փախստականի մասին, որը նպատակ է դրել Թբիլիսիից հասնել Աբխազիա, գտնելու համար իր հորը: Ըստ ռեժիսորի, ֆիլմի սցենարը հիմնված է անտուն տղայի պատմության վրա, որի գրող եւ սցենարիստ Նուգզար Շաթաձեն մի ցուրտ օր հանդիպել էր Թբիլիսիի փողոցներում:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնում Շոն Բեյքերի «Բրոդվեյի արքայազնը» ֆիլմը կներկայացնի դերասաններից մեկը` Կարեն Ղարագուլյանը: Ժապավենը պատմում է Լաքիի պատմությունը, որն աշխատում է հագուստի անօրինական խանութում եւ մեկամյա տղայի, որը հայտնվում է հայրությանն անպատրաստ երիտասարդի կյանքում:
Ֆիլմում նկարահանվել են դերասանի մասնագիտությունից հեռու մարդիկ, իսկ շատ իրադարձություններ վերցված են իրական կյանքից: