AM
21 July 2009 - 13:56 AMT

Հայոց ցեղասպանության թեման կինոռեժիսորները պետք է նոր միջոցներով ներկայացնեն

«Ֆիլմ նկարահանելով Հայոց ցեղասպանության թեմայով, կինոռեժիսորները պետք է նոր ոճ ու միջոց գտնեն, հետաքրքրելու համար ոչ միայն հայ, այլ նաեւ օտարերկրյա հանդիսատեսին»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

Ըստ դերասանուհու, Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր են նկարահանում հիմնականում սփյուռքահայ ռեժիսորները, մինչդեռ Հայաստանում այդ թեմային չեն անդրադառնում, չնայած, որ տեխնիկան արդեն հնարավորություն տալիս փոքր բյուջեով ֆիլմեր նկարահանել:

«Վերջերս ես ԼՂՀ-ում էի: Մտա հաց գնելու եւ վաճառողն անմիջապես ճանաչեց ինձ: Ես խորապես համոզված եմ, որ հայերի շրջանում ես նման ճանաչման համար պարտական եմ «Արարատ» ֆիլմին: Դա ապացուցում է, թե որքան կարեւոր է հայ ժողովրդի համար Հայոց ցեղասպանության թեման»,-ասել է Ա.Խանջյանը, որը Հայաստանում ճանաչում ստացավ` նկարահանվելով իր ամուսնու` կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում:

Դերասանուհին վստահ է, որ կարեւոր է ներկայացնել Ցեղասպանության թեման, որպեսզի նման բան այլեւս չկրկնվի: «Ինձ մոտ երբեմն այնպիսի տպավորություն է առաջանում, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են կոծկել Ցեղասպանության հարցը` ելնելով տնտեսական նկատառումներից` չնկատելով, որ կորցնում են սփյուռքահայերին»,-ասել է Արսինե Խանջյանը:

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: 1915-23թթ. բնաջնջվեց 1,5 մլն հայ, եւս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ, ինչն էլ հիմք հանդիսացավ սփյուռքի առաջացման համար:–