Այսօր Հայաստանի Սահմանադրական դատարանը սկսել է քննել «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի հայցը` մայիսի 25-ին կայացած համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, դատարանում պատասխանող կողմ է հանդես գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ): Որպես հայցվոր հանդես են գալիս դաշինքում ընդգրկված կուսակցությունների ներկայացուցիչներ` Ազգային-ժողովրդավարական դաշինքի ղեկավար Արշակ Սադոյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը եւ Հայաստանի Ժողովրդական կուսակցության անդամ Ֆելիքս Խաչատրյանը: Հայցվոր կողմը հանդես է եկել 10 միջնորդագրով: ԿԸՀ պետք է փաստաթղթեր ներկայացնի քվեարկության կազմակերպման, անցկացման եւ ձայների հաշվման վերաբերյալ: