AM
28 July 2009 - 10:59 AMT

VivaCell-MTS-ն ու Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կստորագրեն Փոխըմբռնման հուշագիր

Սույն թվականի հուլիսի 31-ին VivaCell-MTS-ն ու Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կստորագրեն Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համագործակցություն հիմնել երկու կազմակերպությունների միջեւ` բարեգործական ոլորտում արձագանքելու պետության եւ հասարակության առջեւ ծառացած մարտահրավերներին:

VivaCell-MTS-ը, որպես կորպորատիվ ոլորտում գործող եւ բարեգործության ոլորտը առավել կարեւորող կազմակերպություն, եւ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որպես մարդասիրության ոլորտում կառավարությանն օժանդակող երկրում գործող ամենամեծ կազմակերպություն, համախմբում են իրենց ուժերը հասարակության ամենախոցելի խավերի կարիքներին արձագանքելու եւ նրանց առավել արդյունավետ աջակցություն ցույց տալու հարցում` մասնավորապես աղետների կառավարման, սոցիալ-առողջապահական, մարդասիրական արժեքների տարածման, հաղորդակցության զարգացման եւ երիտասարդների հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքների միջոցով:

Որպես համագործակցության առաջին քայլ ՀԿԽԸ-ն եւ VivaCell-MTS-ը ձեռնարկում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված համատեղ ակցիա դարի չարիք հանդիսացող եւ գլոբալ ճգնաժամի վերաճած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի շուրջ: Գիտակցելով տեղեկացվածության կարեւորությունը վարակի կանխարգելման հարցում` երկու կազմակերպությունները համատեղում են ջանքերը` բարձրացնելու բնակչության իրազեկությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման վերաբերյալ: Ակցիան լինելու է բազմափուլ եւ ներառելու է բազմաբնույթ միջոցառումներ` տեղեկատվական նյութերի տարածում, հանրային միջոցառումներ եւ այլն: Հուլիս ամսից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ հակիրճ տեղեկություններ եւ ահազանգող կոչեր պարունակող վահանակներ են տեղադրվելու ՀՀ ողջ տարածքում:

Մամլո ասուլիսից առաջ երկու կազմակերպությունների ղեկավարներն, իրենց աշխատակազմի ներկայացուցիչների եւ կամավորների հետ, կհանձնեն արյան թեստ` ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու նպատակով: