Ապրիլի 12-ից սեպտեմբերի 14-ը անցնում է Միքայել Թարիվերդիեւի անվան երգեհոնահարների VI մրցույթը: Այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 50 երաժիշտներ Եվրոպայի, Ամերիկայի ու Ասիայի 20 երկրներից: Մոսկովյան ընտրական փուլի լսումները կանցնեն օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 1-ին Գլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարանում: Սեպտեմբերի 1-ին կհայտարարվեն արդյունքները: Մրցույթին Հայաստանը կներկայացնի Սերգեյ Սարաջեւը:
Միքայել Թարիվերդիեւի անվան երգեհոնահարների VI մրցույթի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Կալինինգրադում: 2-րդ եւ 3-րդ փուլերից առաջ տեղի կունենա համերգ, որի ժամանակ կկատարվի Մ.Թարիվերդիեւի ստեղծագործություններից կազմված ծրագիր` վեց վոկալ ցիկլեր եւ նրա վերջին ստեղծագործությունը` դաշնամուրային եռյակ: Միջազգային ժյուրին կգլխավորի Փարիզի սուրբ Աստվածամոր տաճարի երգեհոնահար Ֆիլիպ Լեֆերվրը:
Միքայել Թարիվերդիեւի անվան մրցույթը երգեհոնահարների միակ միջազգային մրցույթն է Ռուսաստանում: Առաջին անգամ այն կայացել է 1999թ. եւ անցնում է երկու տարին մեկ անգամ: