AM
29 July 2009 - 17:28 AMT

«Ժառանգություն» կուսակցությունից պատգամավորը ՀՀ նախագահին կոչ է արել ազատ արձակել Արման Բաբաջանյանին

«Ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի առողջության վատթարացման կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, ընդգծվում է, որ Բաբաջանյանի առողջական վիճակը վատթարացել է. նկատվել է տեսադաշտի 35 տոկոսի անկում աջ եւ 40 տոկոսի անկում ձախ աչքում, հիպոֆիզի ուռուցք, որի արդյունքում նկատվում է աջ վերջույթի անընդհատ դող:

Մարտիրոսյանը նաեւ նշել է, որ Արման Բաբաջանյանի առողջության մասին բազմիցս բարձրաձայնվել է, սակայն ապարդյուն: «Եվ այսօր ունենք առողջության ծայրահեղ կորստի փաստի առջեւ կանգնած հայ երիտասարդ: Հետեւությունս մեկն է` չհարգվեցին ոչ միայն նրա մարդկային իրավունքները` այդ թվում պայմանական վաղաժամկետ ազատման, այլ նաեւ չպահպանվեց նրա առողջությունը»,- ասվում է ՀՀ նախագահին հղված նամակում:

Խորհրդարանի պատգամավորը Հայաստանի ղեկավարին կոչ է անում միջամտել եւ ազատություն շնորհել հիվանդ բանտարկյալին: