AM
27 June 2003 - 17:32 AMT

ԵԽԽՎ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԺԱՄԱՆԱԿ Է ՏՎԵԼ` ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քննարկումներին մասնակից բոլոր պատգամավորները պաշտպանել են Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ բելգիացի պատգամավոր Ժորժ Քլերֆայթի զեկույցի կտրուկ գնահատականները: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, եվրոպացի խորհրդարանականները Բաքվի իշխանություններից պահանջել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Միեւնույն ժամանակ, ԵԽԽՎ անդամները մերժել են պաշտոնական Բաքվի հասցեին խիստ քննադատությունը մեղմացնելու նպատակով զեկույցում որոշ ուղղումներ մտցնելու ադրբեջանական պատվիրակության առաջարկությունը: Իրենց հերթին, ադրբեջանցի պատգամավորները հայտարարել են, որ Ադրբեջանին ԵԽԽՎ-ից հեռացնելը կամ պատվիրակությանը մանդատներից զրկելը ելք չէ, գլխավորը` խնդիրը վերացնելու նպատակով համագործակցությունն է: Քննարկումների ավարտին Ժորժ Քլերֆայթը առաջարկել է մինչեւ սեպտեմբեր ժամանակ տալ Ադրբեջանին` քաղբանտարկյալների խնդիրը լուծելու համար, ինչն ընդունվել է ԵԽԽՎ նստաշրջանի մասնակիցների կողմից: «Թուրան» գործակալության այն հարցին, թե ինչում է կայանում ԵԽԽՎ դիրքորոշման այդքան անսպասելի փոփոխությունը` Ժորժ Քլերֆայթն ասել է, որ ԵԽԽՎ-ի նպատակն Ադրբեջանին դատապարտելը չէ: «Մենք հուսով ենք, որ մինչեւ սեպտեմբեր համապատասխան քայլեր կձեռնարկվեն Ադրբեջանում: Եվ այն ժամանակ մենք կորոշենք, ինչ անել»,- հայտարարել է նա: