ՎիվաՍելլ-ՄՏՍ հայկական բջջային օպերատորն այսօր մի շարք բուհերի հետ համագործակցության մասին հուշագրեր է ստորագրել: Այդ մասի PanARMENIAN.Net-ին հաղորդել է ընկերության մամլո քարտուղար Վահե Իսահակյանը:
Մասնավորապես, հուշագրեր են ստորագրվել հայաստանյան վեց բարձրագույն ուսումնական հաստատություների հետ` ի դեմս այդ բուհերի ռեկտորների: Այդ բուհերն են Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Վ. Բրյուսովի անվան Հայաստանի պետական լեզվաբանական համալսարանը, Երեւանի պետական տնտեսագիկական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, ինչպես նաեւ Քավենդիշ համալսարանը:
Փոխհամաձայնության հուշագրի շրջանակներում նախատեսված գործունեության հիմնական ուղղությունները հետեւյալն են` բուհերի ուսանողների արտադրական եւ նախադիպլոմային պրակտիկայի անցկացում ՎիվաՍել-ՄՏՍ-ում, մասնագիտական առարկաների համատեղ դասավանդման կազմակերպում ընկերության աշխատակիցների ներգրավմամբ, համատեղ գիտահետազոտական աշխատանքների եւ աշխատանքային ծրագրերի իրականացում, ինչպես նաեւ ուսանողների գիտահետազոտական, դիպլոմային աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի ղեկավարման հարցում ընկերության աշխատակիցների ներգրավում:
Իր հերթին բուհերն ընկերություն են ուղարկում իրենց լավագույն ուսանողներին պրակտիկայի անցկացման համար` համաձայն ընկերության կողմից ներկայացված տեղերի եւ մասնագիտությունների:
ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Հիրիկյանի խոսքով, ուսանողները հնարավորություն կստանան մասնագիտական-կիրառական գիտելիքներ ձեռք բերել հետեւյալ ոլորտներում` իրավագիտություն, հաշվապահություն, մարքեթինգ եւ վաճառք, տեղեկատվական տեխնալոգիաներ, եւ այլն: