AM
11 August 2009 - 14:07 AMT

ՀՀ նախագահը հույս ունի, որ աշխարհի առաջատար բուհերում հայ ուսանողների թիվը տարեցտարի աճելու է

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի եւ «Լույսի գործընկեր» ծրագրով կրթաթոշակի արժանացած ուսանողների հետ, ովքեր ընդունվել են արտերկրի մի շարք հեղինակավոր բուհեր: Զրույցին մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին` աշխարհի առաջնակարգ բուհեր ընդունվելու, հետեւաբար նաեւ «Լույս» հիմնադրամի ֆինանսական օժանդակությունը ստանալու կապակցությամբ:

Նշելով, որ տարիներ շարունակ այսպիսի հնարավորությունը շատ-շատ երիտասարդների համար երազանքի նման մի բան է եղել, Սերժ Սարգսյանն ասել է. «Այսօր այն իրականություն է դարձել, եւ պետությունը ոչ միայն հայտարարում է բարձրակարգ կրթություն ստանալու կարեւորությունը, այլեւ փաստացիորեն ֆինանսավորում է այն: Դուք առաջիններն եք, ովքեր «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ ընդունվել են աշխարհի բարձրակարգ 25 ուսումնական հաստատություններից մեկը: Կարծում եմ, ձեր օրինակը ոգեւորելու է շատ ու շատ երիտասարդների, եւ տարեցտարի աշխարհի առաջնակարգ բուհերում ավելի ու ավելի մեծ թվով հայեր են սովորելու»:

Նախագահը պետության հիմնական գործառույթներից մեկը համարել է իր քաղաքացիների համար բարձրակարգ գիտելիք, բարձր որակի կրթություն ստանալու պայմանների ստեղծումը: Այդ նպատակին հասնելու համար նա առանձնացրել է երկու ուղղություն. «մեկն այն է, ինչով զբաղվում է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրն` օժանդակելով շնորհաշատ երիտասարդներին, իսկ երկրորդը` մեր կրթական համակարգի բարեփոխումն է եւ այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը»:

Սերժ Սարգսյանն ասել է, որ հիմնադրամի գործունեությունը գնահատվելու է ոչ միայն արտերկրի լավագույն բուհերում սովորող երիտասարդների քանակով, այլեւ այդ նույն երիտասարդների մասնակցությամբ այսօր մեր հասարակության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, որոնցից մեկն էլ հենց կրթական ոլորտի բարեփոխումներն են: «Մեր բուհերը պարտավոր են տալ ժամանակակից կրթություն եւ լինել մրցունակ»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Մեր ազգային բնավորության գծերից մեկը համարելով գիտելիքի, կրթության մշտական ձգտումը, նախագահ Սարգսյանն ասել է. «Ի վերջո պետք է հիշենք, որ Հայոց այբուբենի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներն ուղարկվեցին աշխարհի չորս ծայրերը` գիտելիք ստանալու եւ այն Հայաստան բերելու: Այսօր առանց չափազանցության պետք է ասեմ, որ նույն առաքելությունն են կատարում մեր բոլոր այն երիտասարդները, ովքեր ստանում են լավ կրթություն եւ վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Բոլորիս հայտնի է, որ 21-րդ դարում ունենալ ցածր կրթական մակարդակ նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ»:

Մեկ անգամ եւս շնորհավորելով «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներին` նախագահը կրկնել է. «Ես մշտապես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահը պարտավոր է հանդիպել եւ սեղմել ձեռքն այն երիտասարդի, ով լավ գիտելիք ու կրթություն է ստանում, քանի որ այն ոչ միայն իր անձի համար է, այլ նաեւ ծառայում է մեր հասարակությանը»:

Սերժ Սարգսյանը ուսանողների հետ զրուցել է նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:

Կրթաթոշակառուները շնորհակալություն են հայտնել նախագահին, որ շատ երկրների նման` Հայաստանը եւս արդեն ունի ուսանողներին աջակցելու հիմնադրամային ծրագիր:

Նախագահն ասել է, որ «Լույս» հնարավորությունները գնալով մեծանալու են, եւ, բացի այդ, ակնկալվում է, որ այս նախաձեռնությունը օրինակ կծառայի, որպեսզի նմանատիպ այլ հիմնադրամներ եւս ստեղծվեն:

Ուսանողները հետաքրքրվել են, թե երկրի ղեկավարն ինչպիսի՞ն է տեսնում «Լույս» կրթաթոշակառուների ապագան: Նրանց դիտարկմամբ` լավ կրթություն ունենալու դեպքում էլ երաշխավորված չէ լավ աշխատանք կամ պաշտոն ստանալը:

Սերժ Սարգսյանն ասել է, որ ներկայումս որակյալ կադրերի պակասը մեծ խնդիր է, ուստի լավ կրթված երիտասարդ կադրերի մեծ պահանջարկ կա. «Բայց պետք է նաեւ չմոռանանք, որ լավ կրթությունը պետք է նաեւ կիրառելի լինի, պետք է կարողանալ սովորածը կիրառել, պրակտիկա ունենալ: Պետությունը շահագրգիռ է կառավարման մարմիններում ընդգրկելու երիտասարդ որակյալ մասնագետների: Մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում եւ ցանկանում ենք այդ գործընթացում կիրառել թե’ «Լույս»-ի կրթաթոշակառուների, թե’ տարբեր հիմնադրամների աջակցությամբ արտերկրում սովորող երիտասարդների եւ թե’ հայրենի բուհերի լավագույն ուսանողների գիտելիքներն ու փորձառությունը »,- նշել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը ողջունել է կրթաթոշակառուների մտադրությունը` ուսմանը զուգահեռ` ակտիվորեն հանդես գալու միջմշակութային շփումներում` ներկայացնելու Հայաստանն ու հայ ժողովրդին: Նախագահն ասել է, որ արտերկրում ուսանելով` նրանք կամա թե ակամա ստանձնում են նաեւ Հայաստանի դեսպանների առաքելություն, քանի որ նրանցով են այնտեղի իրենց միջավայրում կարծիք կազմելու Հայաստանի ու հայերի մասին:

Երկրի ղեկավարը «Լույս»-ի կրթաթոշակառուներին հանձնել է վկայագրեր, հաջողություն մաղթել եւ վստահեցրել, որ նրանք իրենց թիկունքում մշտապես կզգան պետության աջակցությունը: