Հայկական հեռուստատեսությամբ կվերսկսվի «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հեռարձակումը, այսօր Հարավային Կովկասի ինտելեկտուալ խաղերի առաջնությանը հայկական թիմերի ելույթներին նվիրված մամլո ասուլիսին լրագրողներին է հաղորդել Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով, այդ խաղը ցուցադրելու լիցենզիայի գնման գումարն արդեն հատկացվել է, այդ հարցում աջակցություն է ցուցաբերել ՀՀ կառավարությունը, եւ այժմ հայկական հեռուստաընկերությունների հետ բանակցություններ են վարում եթերի տրամադրումը կազմակերպելու վերաբերյալ:
Կրթության եւ գիտության նախարարը հիշեցրել է, որ ժամանակին «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» խաղի հեռուստատեսային տարբերակը հեռարձակվում էր հայկական «Արմենիա» հեռուստաալիքով, եւ մեծ ժողովրդականություն էր վայելում հեռուստադիտողների շրջանում, ինչը նպաստել է հայ հասարակության ինտելեկտուալ զարգացմանը:
Մամլո ասուլիսի ժամանակ «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» երեւանյան ակումբի փոխնախագահ Արա Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ ամենայն հավանականությամբ խաղը կհեռարձակվի հայերեն լեզվով, որն ավելի հասկանալի է Հայաստանի բնակչությանը: