«Հայաստանի կառավարությունը Ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարություն է մշակել, որը կֆինանսավորվի Համաշխարհային բանկի կողմից»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը: Նա նաեւ հաղորդել է, որ ծրագրի համար 10 մլն դոլարի ներդրումներ են նախատեսված:
Հրանտ Բեգլարյանը ներկայացրել է 2008թ. ճանապարհա-տրանսպորտային պատահարների մասին տվյալները: Ընդամենը արձանագրվել է 2202 դեպք, որոնց արդյունքում զոհվել է 407 հոգի, իսկ զանազան ծանրության վնասվածքներ են ստացել ավելի քան 3000 հոգի: Ամեն 5-րդ պատահարի զոհ են դարձել երեխաները, տարեց մարդիկ եւ հաշմանդամներ:
Փոխնախարարի խոսքով, վերջին 5 տարիների ընթացքում ամեն տարի ճանապարհա-տրանսպորտային պատահարների թիվն աճել է 10%-ով, եւ մշակված ռազմավարության նպատակը ՃՏՊ քանակի կրճատումն է մոտակա 5 տարիների ընթացքում նույն այդ 10%-ով:
Բեգլարյանը նաեւ հաղորդել է, որ Հայաստանում կստեղծվի Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ, որի մեջ կմտնեն բոլոր շահագրգռված պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարները, իսկ կգլխավորի խորհուրդը անձամբ վարչապետը: