AM
19 April 2002 - 18:45 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀՐԵԱՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Ադրբեջանում բնակվող հրեաները լրջորեն անհանգստացած են Բաքվում սկսված մասշտաբային հակասեմիտական արշավով: Ադրբեջանի լեռնային հրեաների կրոնական համայնքի վարչության նախագահ Սեմյոն Իհիիլովի պահանջով ներքին գործերի նախարարությունը անվտանգության լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել` ուժեղացնելով Բաքվի սինագոգների պաշտպանությունը: Սինագոգները Բաքվում միշտ են պաշտպանվել, քանի որ Ադրբեջանի մայրաքաղաքում հակասեմիտական դրսեվորումները հաճախակի երեւույթ են: Վերջերս, սինագոգի մոտ պարեկություն անող, ոստիկանության կարգախումբը ուժեղացվել է ՆԳՆ եւս մի զինված աշխատակցով: Գիշերը հսկողությունը իրականացնում է ոստիկանության պարեկային մեքենան: Նախազգուշական հատուկ միջոցներ են ձեռնարկում եւ սինագոգի սպասավորները, որոնք իրավապաշտպան մարմիններին չվստահելու բավարար հիմքեր ունեն: Ռաբբին սինագոգի տարածք է թողնում միայն մշտական ծխականներին: Ինչպես գրում է Բաքվում հրատարակվող «Էխո» թերթը, «Հավվա» հրեական բարեգործական կենտրոնի աշխատակիցը, հրաժարվելով ներկայանալ, հայտարարել է, որ տեղի հրեաները «վախենում են իրենց կյանքի համար»: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին ադրբեջանցի իսլամականները պղծել են հրեական գերեզմանատունը` քանդելով մոտ հիսուն գերեզման: Լեռնային հրեաների առաջնորդ Սեմյոն Իհիիլովը այն ժամանակ նշել էր, որ դա առաջին դեպքը չէ: Նա ընդգծել է, որ հուդայական կրոնական կենտրոնների նկատմամբ ծայրահեղական վերաբերմունք է նկատվել նաեւ առաջներում: Դա եւ վիրավորական մակագրություններն են սինագոգի պատերի վրա, եւ հակասեմիտական նկարները, եւ նմանատիպ մակագրությունները տների պատերի վրա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: