Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել առաջին կուրսերի ուսանողների դիմավորման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով առաջին կուրսեցիներին համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը նշել է, որ արդեն 77 տարի է ՀՊՃՀ-ն բացում է իր դռները նոր ուսանողների առջեւ: «Լիահույս եմ, որ առավելագույնս կօգտվեք ընձեռված հնարավորություններից, խելամտորեն կտնօրինեք ուսումնառության ժամանակահատվածը` կուտակելով համապատասխան գիտելիքներ ու ձիրքեր»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ համալսարանը միտված է հետագա զարգացման եւ այսօրվա դրությամբ զինված է նոր սարքավորումներով, այդ թվում նոր օնլայն լաբորատորիայով, վերանորոգված ու տեխնիկապես զինված լսարաններով: Ըստ նրա, այս տարի համալսարան է ընդունվել 1529 ուսանող, այն առաջատար տեղերից մեկն է զբաղեցնում երկրի ուսումնական հաստատությունների թվում:
Միջոցառման ընթացքում կրթության ու գիտության ոլորտում ունեցած ավանդի համար ՀՀ կրթության ու գիտության նախարարության ոսկե հուշամեդալներով են պարգեւատրվել ՀՊՃՀ մարմնակրթության ու սպորտի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արարատ Ղոչիկյանը, հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Հասմիկ Պետրոսյանը: Համալսարանի կողմից նաեւ մրցանակ հանձնվեց մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Ելենա Կոսոլապովային ուսումնական տարիներին ցուցաբերած գերազանց առաջադիմության, ակտիվության եւ համաշխարհային համբավ ունեցող Կասպերսկու լաբորատորիայի կողմից Մոսկվայում կայացած միջազգային գիտաժողովում առաջին կարգի դիպլոմի արժանանալու համար: