AM
3 September 2009 - 10:50 AMT

Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչներն այցելել են «Synopsys Armenia» ընկերություն

Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչներն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ այցելել են «Synopsys Armenia» ընկերություն: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Սինոփսիս Արմենիայի գործունեությանը եւ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումներին եւ նոր նախաձեռնություններին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել «Synopsys Armenia» ընկերության մամլո ծառայությունում:

Հանդիպման ընթացքում Սինոփսիս Արմենիայի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը հյուրերին ներկայացրեց Սինոփսիս Արմենիայի գործունեությունն ու 5 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները:

Հովիկ Մուսայելյանը նախ համառոտ ներկայացրեց Սինոփսիսի ֆինանսական գործունեության դրական արդյունքները, նշելով որ ընկերությունը ներկա տնտեսական ճգնաժամի պայմաններում ունի ֆինանսական ցուցանիշների եւ աշխատողների քանակի զգալի աճ:

Առանձնահատուկ ուշադրություն հրավիրվեց աշխարհում Հայաստանի Հանրապետության ճանաչելիության եւ հեղինակության բարձրացմանն ուղղված միջոցառումներին եւ նոր նախաձեռնություններին:

Դրանցից են «Սինոփսիսի շաբաթը Հայաստանում» միջոցառումների շրջանակում անցկացվող` ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին շնորհվող ՀՀ Նախագահի Ամենամյա Կրթական պարգեւի մրցանակաբաշխությունը, որն այս տարի կանցկացվի 5-րդ անգամ, ինչպես նաեւ 4-րդ Ամենամյա Հայաստանյան միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան, որն այս տարի արդեն դառնում է միջազգային` մասնակիցներ ունենալով Ռուսաստանից եւ Ուկրաինայից:

Այս տարի նոյեմբերի 5-8-ը ԱՄՆ-ում` Սիլիկոնային հովտում կանցկացվի «ԱրմԹեք ՛09» համաժողովը: Սա երրորդ ամենամյա «ԱրմԹեք» Կոնգրեսն է, որն անց է կացվում «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո: «ԱրմԹեք» Կոնգրես09-ը տեղի կունենա ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: ՀՀ կառավարությունը շեշտադրում է ԱրմԹեք համաժողովի` որպես Հայաստանի ներկայիս ձեռքբերումների պահպանմանն ուղղված քաղաքականության եւ նախաձեռնությունների քննարկման, պլանավորման – իրականացման հարթակի տրամադրման միջոցի, ինչպես նա- համաշխարհային մակարդակով Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոոլգիաների ոլորտ ունեցող երկրներից մեկի մասին իրազեկության բարձրացման նշանակությունը: