AM
7 September 2009 - 07:41 AMT

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանում տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին

Սեպտեմբերի 5-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարեց հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի հայրենի Դսեղ գյուղում «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի բացման մասին:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Հայաստանի երեխաների հանդեպ ստանձնած պարտավորություններն անփոփոխ են, եւ յուրաքանչյուր ժպիտ նրանց դեմքին անգին է: Հայաստանում անցկացվող տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնն օգնում է մեզ օժանդակել Հայաստանում մշակութային ավանդույթների պահպանմանը եւ երիտասարդ սերնդի դաստիարակությանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արդեն չորրորդ տարին փառատոնը մի հարկի ներքո հավաքում է Հայաստանի, Լիտվայի, Հունգարիայի, Սլովենիայի, Վրաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տիկնիկային թատերախմբերը: Փառատոնի մասնակիցների թվում է Ջավախքի Դերենիկ Դեմիրճյանի անվան «Պույ-պույ» թատրոնը:

Բացման արարողությունից հետո տեղի ունեցավ բացօթյա տոնակատարություն, որից հետո ցուցադրվեցին առաջին ներկայացումները: Փառատոնի հիմնական ծրագրում ընդգրկված ներկայացումները կկայանան Դսեղի մշակույթի տան եւ գյուղապետարանի դահլիճներում եւ կեզրափակվեն սեպտեմբերի 10-ին կայանալիք մրցանակաբաշխությամբ:

Փառատոնի փակումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին` Երեւանում նախատեսված թատերականացված տոնախմբությամբ եւ փառատոնի աջակիցների եւ ընկերների մեծարման արարողությամբ:

Փառատոնի շրջանակներում նախատեսված են նաեւ տիկնիկային արվեստի վարպետության դասեր, ցուցահանդեսներ, ամենօրյա երեկոյան ակումբներ, էքսկուրսիաներ եւ ֆիլմերի ցուցադրություն: