Սեպտեմբերի 8-20-ը Երեւանում անցնում է Միջազգային շեքսպիրյան թատերական փառատոնը: Այս տարվանից փառատոնը կկրի մեծանուն հայ դերասան Վահրամ Փափազյանի անունը: Ավանդական մոնոներկայացումներից բացի, այս անգամ փառատոնին կներկայացվեն նաեւ մեծածավալ բեմական աշխատանքներ:
Փառատոնին մասնակցում են թատերական կոլեկտիվներ Հայաստանից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Վրաստանից ու Իրանից: Առանձին ծրագրով Երեւանում հանդես կգան Ալեքսանդր Կալյագինն ու «Et cetera» թատրոնը` «Յուբո թագավորը» ներկայացումով, եւ հայտնի թատերական ռեժիսոր Պիտեր Բրուքի դուստր` Իրինա Բրուքը «Դոն Քիշոտ» բեմականացմամբ, որտեղ Սանչո Պանսայի գրոտեսկային դերն է կատարում հայտնի բեմադրիչ-ռեժիսոր, դերասան Ժիրայր Բաբազյանը:
Իրինա Բրուքի թատերական խումբը կազմված է 14 հոգուց, որոնցից 3 հայեր են` Ժիրայր Բաբազյանը, Հովնաթան Ավետիքյանը եւ Լորի Բաղդասարյանը: Փառատոնում նրանք կներկայացնեն երկու ներկայացում` «Դոն Քիշոտը» Սերվանտեսի մոտիվներով, եւ «Երազին սպասելիս» ըստ Շեքսպիրի:
Ժ.Բաբազյանը Երեւանում է գտնվում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հրավերով:
«Արվեստը մարդկանց շրջանում սեր տարածելու միակ միջոցն է»,-ասել է Բաբազյանը: «Երազին սպասելիս» ներկայացման մեջ զբաղված է 6 տղամարդ, որոնք կատարում են 24 տարբեր դեր: Բաբազյանը խաղում է Բոդրոմի ու Դեմետրիուսի դերերը:
Փառատոնի գլխավոր գործընկերները Երեւանի քաղաքապետարանն է, ՀՀ մշակույթի նախարարությունն ու ազգային ավիափոխադրող Արմավիա ընկերությունը: