AM
9 September 2009 - 12:45 AMT

Երեւանում կայացել է Մարտին Շահբազյանի «Իմ Հայաստան» լուսանկարչական ալբոմի շնորհանդեսը

Այսօր կայացել է Մարտին Շահբազյանի «Իմ Հայաստանը» լուսանկարչական ալբոմի շնորհանդեսն ու աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացված էին լուսանկարչի աշխատանքները, որոնք նրա կողմից արվել էին 30-35 տարվա ընթացքում: Հայտնի լուսանկարիչը հանդիսատեսի դատին է ներկայացրել այնպիսի Հայաստանը, ինչպիսին նա իր աչքերով է տեսել: «Այդ լուսանկարներում ոչ մի քաղաքականություն կամ լրագրություն չկա, դա Հայաստանն է, Հայաստանի բնությունն իր ողջ գեղեցկությամբ»,- ասել է հայ լուսանկարիչը:

Շահբազյանը պատմել է, որ ինքը երկար ժամանակ երազում էր լուսանկարել Արաքսը, ինչն իրեն վերջապես հաջողվեց: «Չի կարելի կորցնել լուսանկարի պահը, որովհետեւ այն չես կարող հետո վերադարձնել: Լավ լուսանկարելու համար համառություն է պետք»,- ասել է նա:

Լուսանկարիչը կիսվել է նաեւ Հայաստանի երեք նախագահների հետ իր աշխատանքի փորձով: «Պետք է միշտ ձգտել այնպիսի լուսանկար անել, որը նախագահին դրական լիցքեր կհաղորդի»,- ընդգծել է Շահբազյանը` նշելով, որ ինքը միշտ ջանացել է նախագահներին ժպիտը դեմքին պատկերել, քանի որ միջնորդ է հանդիսանում պետության ղեկավարի եւ ժողովրդի միջեւ: