Առնվազն 23 մարդ է զոհվել Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած հզոր ջրհեղեղի պատճառով: Եվս մի քանիսը համարվում են անհետ կորած:
Առավելապես տուժել են Ստամբուլի որոշ շրջաններն ու մերձակայքը: Պատճառը երկու օր տեւած հորդառատ անձրեւներն էին` ամենաուժեղը վերջին 80 տարում: Ըստ հաղորդագրությունների, Թուրքիայի շրջաններից մեկու ընդամենը երկու ժամում 24 սմ տեղումներ են գրանցվել:
Ստամբուլի քաղաքապետարանի փոխղեկավար Հիկմետ Չաքմակը կատարվածն աղետ է համարել: Մոտակա քաղաքներում ջրով են հեղեղվել ճանապարհները, տները եւ հողատարածքները: Երկու կամուրջ է փլվել:
Մոտակա օրերին, ըստ կանխատեսումների, Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում անձրեւային եղանակը կպահպանվի: Հեղեղումների արդյունքում ջրի տակ են հայտնվել Ստամբուլի արեւմտյան շրջանները, սակայն քաղաքի կենտրոնը գործնականում չի տուժել:
Ըստ թուրքական մամուլի, աղետի հետեւանքով առնվազն 30 մարդ է զոհվել: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ի թղթակցին, տուժածների թվում Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչներ չկան: