Արդեն երրորդ տարին է ինչ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն անցկացնում է իր երկամսյա ամառային ուսանողական պրակտիկայի ծրագիրը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, սկսած 2007 թվականից ծրագրին մասնակցել են երեսունմեկ ուսանող, որոնցից ութն արդեն աշխատում են բանկում: Ծրագրի նպատակն է օգնել երիտասարդներին նախապես կողմնորոշվել իրենց կարիերայի հարցում եւ ավարտելուց հետո աշխատանք ձեռք բերելու հնարավորություն ապահովել իրենց համար: «Ծրագիրը նաեւ օգնում է բանկին ներգրավել շուկայում առկա պոտենցիալ ունեցող խելացի եւ տաղանդաշատ երիտասարդներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ուսանողներն ընտրվում են Էյչ-Էս-Բի-Սի Խմբի կողմից սահմանված չափանիշների համաձայն, որոնք ներառում են ուսանողների գնահատականները, որակավորումները, թեսթերի եւ հարցազրույցների արդյունքները: Սակայն ամենամեծ նշանակությունը տրվում է այն հանգամանքին, թե որքան լրջությամբ են նրանք վերաբերվում իրենց կարիերայի հեռանկարին եւ թե ինչ ակնկալիքներ ունեն ծրագրից:
Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը նախատեսում է էլ ավելի բարելավել եւ ընդլայնել ծրագիրը` հայ երիտասարդ սերունդների առաջ բացելով աշխարհի խոշորագույն ֆինանսական հաստատություններից մեկը հանդիսացող կազմակերպության դռները, որը լի է կարիերայի եւ անհատի զարգացմանը նպաստող բազմազան հնարավորություններով: