«Հայոց ցեղասպանության հարցում երեք մոտեցում կա: Առաջինը թուրքական մոտեցումն է, որով մերժվում է Ցեղասպանության կատարման փաստը: Երկրորդը` եվրոպականն է, որի համաձայն Ցեղասպանություն եղել է, սակայն այդ փաստը չի կարելի է օգտագործել Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրելու համար»,-այսօր մամլո ասուլիսում ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Երրորդը, ինչպես նշել է Վ.Հովհաննիսյանը, հայկական մոտեցումն է, որի համաձայն Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից ոչ միայն բարոյական խնդիր է, այլ բխում է նաեւ Հայաստանի ազգային անվտանգությունից:
Անդրադառնալով Թուրքիայի հանդեպ միջազգային հանրության հնարավոր ճնշմանը` Հովհաննիսյանը նշել է, որ, անկասկած, Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրվում է` քրդական հարցով, Կիպրոսի հարցով եւ հարեւանների հետ բաց սահմանների հարցով:
«Մեր հանդեպ եւս ճնշում է գործադրվում, պահանջում են, որ մենք զիջումների գնանք, սակայն պետք է հասկանալ, որ Ցեղասպանությունն այն հարցը չէ, որը կարող է զիջումների առարկա լինել»,-հայտարարել է Վահան Հովհաննիսյանը:






