Խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի այն հարցին, թե որքանով է նպատակահարմար հայ – թուրքական սահմանի բացումը` ասաց, որ նման տիպի քննարկումներ եւ հետազոտություններ շատ են իրականացվել նաեւ արտասահմանյան փորձագետների եւ միջազգային այնպիսի կառույցների կողմից, ինչպիսին է Համաշխարհային բանկը:
Նա նաեւ նշեց, որ սահմանների բացումը եւ առեւտրա-տնտեսական կապերի հաստատումը բխում է Հայաստանի եւ Թուրքիայի շահերից: «Վերջիվերջո 21րդ դարում փակ սահմանները եւ բնականոն առեւտրա-տնտեսական հարաբերությունների բացակայությունը հարեւան երկրների միջեւ անհեթեթություն են», – ընդգծեց նախարարը:
Նրա խոսքերով, սահմանների բացումը դրականորեն կանդրադառնա եւ’ Հայաստանի, եւ’ Թուրքիայի տնտեսությունների վրա, մասնավորապես` հայկական ապրանքների փոխադրման ծախսերը կտրուկ կնվազեն, ինչը թույլ կտա հայ արտադրողներին ընդլայնել շուկան:






