AM
17 Սեպտեմբեր 2009 - 16:36 AMT

Անկարան չի վավերացնի արձանագրությունները, մինչեւ Երեւանը եւ Բաքուն չստորագրեն համաձայնագիր Ղարաբաղի հարցով

Հայատանը երբեք պաշտոնապես չի հայտարարել, որ տարածքային պահանջներ ունի Թուրքիայի նկատմամբ, բայց պաշտոնական Երեւանը երբեք չի էլ պնդել, որ այդպիսիք չկան: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ստորագրելով հայ – թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները, մենք վտանգի տակ ենք դնում մեր վաղվա պահանջը: Բացի այդ, այս արձանագրություններով բավարարվում են Անկարայի բոլոր երեք պահանջները, որոնց նա փորձում էր հասնել դեռ 1991թ-ից», – նկատեց Կիրո Մանոյանը: Նա հավելեց, որ տվյալ փաստաթղթերը չեն հանդիսանում միջազգային համաձայնագրեր, որոնք երկու կողմերի խորհրդարանների կողմից վավերացման կարիք ունեն:

«Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները գնացին այսօրինակ քայլի, որպեսզի բարդեն ողջ պատասխանատվությունը խորհրդարանի վրա: Անկարան իր հերթին կօգտագործի այս հանգամանքը գործընթացի ձգձգման համար: Հենց այս պատճառով արձանագրություններում նշված չեն ստույգ ժամկետներ փաստաթղթերի վավերացման համար», – նշեց Կիրո Մանոյանը:

«Հայ դատ» գրասենյակի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ արձանագրությունները չեն վավերացվի թուրքական խորհրդարանում այնքան ժամանակ, քանի դեռ Երեւանը եւ Բաքուն չեն ստորագրել հիմնարար սկզբունքներ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ: «Կարծում եմ, որ այս ողջ գործընթացը կձգվի մինչեւ տարվա վերջ, քանի որ Անկարայի համար կարեւոր է բուն գործընթացը: Թուրքիան կարող է ստորագրել արձանագրությունները, բայց ձգձգել դրանց վավերացումը», – նշեց Կիրո Մանոյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք պատահականություն է հանդիսանում այն, որ «Ճանապարհային քարտեզի» հրապարակումը տեղի ունեցավ ապրիլի 24-ից մեկ օր առաջ, իսկ վեցշաբաթյա ժամկետը, որը հատկացված է Հայաստանին եւ Թուրքիային ներքաղաքական խորհրդակցությունների համար, լրանում է հոկտեմբերի 13-ին` Կարսի պայմանագրի ստորագրման օրը, «Հայ դատ» գրասենյակի ղեկավարը նշեց, որ դա կարող է պատահականություն լինել նրանց համար, ովքեր վատ գիտեն թուրքական դիվանագիտությունը: