Հայ հասարակությունը ավելի է պատրաստ հայ – թուրքական հարաբերությունների կարգավորմանը, քան թուրք հասարակությունը: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Հայերն ավելի հանդուրժող են, քան թուրքերը: Թուրքիայում կա հասարակության որոշակի շերտ, որը կտրականապես դեմ է հայ – թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանների բացմանը», – նշեց թուրքագետը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հայ համայնքի դիրքորոշմանը կապված հայ – թուրքական հարաբերությունների հետ, ապա Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայի հայերը հետեւում են այդ գործընթացի զգուշավոր լավատեսությամբ: «Եթե կողմերին հաջողվի հաստատել դիվանագիտական հարաբերություններ, ապա դա միայն դրական կանդրադառնա Թուրքիայի հայ համայնքի վրա: Բացի այդ, ես չեմ բացառում, որ հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Թուրքիայի բազմաթիվ «ծպտյալ հայեր» կարող են հայտարարել իրենց ծագման մասին», – հայտարարեց նա:






