«ՀՀ ԱԺ կառավարության ժամին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով իմ այն հարցին, թե արդյոք հնարավոր է փոփոխություններ մտցնել արձանագրություններում` ակնարկեց, որ խոսքը ոչ այդքան գնում է արձանագրությունների քննարկման մասին, որքան հայ հասարակության տեղեկատվածության մասին», – այսօրվա խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց խորհրդարանական ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքերով միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի օրենքով, բանակցությունների փուլը չի ավարտվում այնքան ժամանակ, քանի դեռ չի ստորագրվել փաստաթուղթը: «Սա նշանակում է, որ պնդումներն այն մասին, թե բանակցությունները թուրքական կողմի հետ ավարտվել են չեն համապատասխանում իրականությանը: Եւ կան նման բազում օրինակներ, երբ կողմերը նախապես ստորագրել են արձանագրություն կամ համաձայնագիր, իսկ հետագայում փոփոխել են եւ կրկին քննարկել են այդ փաստաթղթերը», – նշեց Հովհաննիսյանը:
Խորհրդարանական խմբակցության ղեկավարը նշեց, որ օրենքի տեսանկյունից կա հնարավորություն փոփոխություններ մտցնել արձանագրությունների մեջ եւ Հանրապետության նախագահը երեկ քաղաքական ուժերի ղեկավարների հետ կայացած խորհրդակցության ժամանակ չբացառեց այդ հնարավորությունը: «Եւ մենք շարունակելու ենք մեր պայքարը այս ուղղությամբ», – նշեց Հովհաննիսյանը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Դաշնակցությունը արձանագրությունների քննարկման խորհրդարանական լսումներին ինչպիսի դիրք է զբաղեցնելու, Հովհաննիսյանն ասաց, որ խորհրդարանական քննարկումներին իրենց կուսակցությունը ակտիվ մասնակցություն է ունենալու: «Ինչ վերաբերում է վավերացմանը, ապա ուզում եմ նշել, որ եթե փաստաթղթերում փոփոխություններ չմտցվեն, ապա մենք միանշանակ դեմ ենք քվեարկելու, եւ անելու ենք ամեն ինչ, որպեսզի այդ արձանագրությունները չվավերացվեն», – հավաստիացրեց Վահան Հովհաննիսյանը:






