Անկախության տոնը մեզանից յուրաքանչյուրի համար պետության անցած ուղին, հաջողություններն ու փորձությունները, նվաճումներն ու մարտահրավերները իմաստավորելու առիթ է: Հետադարձ հայացքը հնարավորություն է տալիս մտածելու հետագա խնդիրների եւ նոր ծրագրերի մասին: Այս մասին ասվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Հայաստանի անկախության 18-րդ տարեդարձի առիթով հղած շնորհավորական ուղերձում:
«Այսօրվա օրը մեզ բոլորիս համար հպարտության օր է: Բավական չէ անկախության հասնել, այն հարկավոր է պահպանել եւ ամրապնդել, ամեն օր անել հնարավորն ու անհնարը, իրագործելու համար մեր դարավոր երազանքը, որպեսզի անկախ ապրելու մեր իրավունքը անբեկանելի իրականություն մնա: Մենք բոլորս պետք է ամբողջ սրտով հպարտանանք , որ շնորհիվ մեր ժողովրդի մշտական ջանքերի, մեր Հայրենիքը` Հայաստանը հզորանում է: Ժամանակակից աշխարհը մեզ նորանոր մարտահրավերներ է մատուցում: Համոզված եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել դրանք մեր միասնության ու հավատարմության շնորհիվ, այն միասնության, որի արդյունքում ծնվեց մեր անկախությունը:
Սիրելի հայրենակիցներ, քույրեր ու եղբայրներ, 18-ամյակը մեզանում համարվում է չափահասության հասնելու տարիք: Այսօր այդ չափահասության շեմն է անցնում մեր անկախ պետականությունը, այսօր այդ շեմին են նաեւ անկախության հասակակիցները: Ես իմ առանձնակի շնորհավորանքներն եմ հղում մեր երեխաներին, այն երիտասարդներին, որոնց անվանում են «անկախության սերունդ», ում բախտ է վիճակվել ծնվել Հայաստանի Ազատ ու Անկախ Հանրապետությունում»,-ասել է ՀՀ վարչապետը:






