Սեպտեմբերի 21-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում ասված է.« Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
1991 թվականի սեպտեմբերի 21-ը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Անկախ պետականության կերտումը մի դժվարին, բայց միաժամանակ պատվարժան ճանապարհ էր, որը մեր ժողովուրդը հաջողությամբ հաղթահարեց: Հայ ժողովուրդը վերականգնեց սեփական ճակատագիրը տնօրինելու, ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն ունենալու իր իրավունքը:
Այսօր էլ` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, Հայաստանի իշխանություններն անում են հնարավորը` դիմակայելու տարբեր մարտահրավերների եւ սոցիալ-տնտեսական զարգացման կայուն հիմքեր ստեղծելու ուղղությամբ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետությունը կհասնի նորանոր ձեռքբերումների ու նվաճումների, կտոնի նոր հաղթանակներ եւ կիրականանան հայ ժողովրդի նվիրական իղձերը»,-ասել է Բակո Սահակյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:






