AM
25 June 2003 - 18:54 AMT

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾՈՆԸ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՆ Է, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ

Այսօր եւ Հայաստանում, եւ Վրաստանում պետական մակարդակով գիտակցում են, որ Հարավային Կովկասում կայունության գլխավոր գործոնն ու երաշխավորը հայ-վրացական փոխհարաբերությունների զարգացման բարձր մակարդակն է: Այդ մասին «Սվոբոդնայա Գրուզիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանում Հայաստանի դեսպան Գեորգի Խոսրոեւը: Նրա խոսքերով, Երեւանը եւ Թբիլիսին մոտեցել են գործակցության այնպիսի մակարդակի, որն ուժերի համախմբման պարագայում կապահովի երկու երկրների ռազմավարական շահերի իրագործումը` դա խաղաղ, կայուն եւ տնտեսապես զարգացած Հարավային Կովկասի կայացումն է: Դեսպանը ընդգծել է, որ քաղաքական կամքի առկայության դեպքում կովկասյան պետությունների համագործակցությունը կարող է զարգանալ առանց որեւէ խոչընդոտի եւ անկախ այն բանից, թե պետություններից որն ինչ կազմակերպության անդամ է, եթե այդ անդամությունը չի վնասում մյուսների շահերին: