AM
23 Սեպտեմբեր 2009 - 11:03 AMT

Ադամ Շիֆը պահանջում է ԱՄՆ վերաքննիչ դատարանի որոշման վերանայում

Կոնգրեսական, ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցության խմբի անդամ Ադամ Շիֆը հայց է ներկայացրել ԱՄՆ 9-րդ շրջանային դատարան` ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանի Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին օտարերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով հայց ներկայացնել արգելող որոշման առնչությամբ կրկնակի դատալսում անցկացնելու նպատակով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեց Ադամ Շիֆի մամլո քարտուղար Շոն Օբլաքը:

Կոնգրեսականը նշել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը երբեք խոչընդոտ չի հարուցել այն բանի համար, որպեսզի Ամերիկայի առանձին նահանգները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: «Անարդար կլինի, եթե դատարանը որոշի նման չարագործության զոհերի սերունդներին զրկել ապահովագրական պոլիսներ ստանալու նպատակով ապահովագրական ընկերություններին դիմելու իրավունքից: Ոչինչ չի կարող հիմնավորել նման սխալ որոշման կայացումը», – հայտարարել է Ադամ Շիֆը: Նրա խոսքերով, ո’չ Կոնգրեսը, ո’չ ԱՄՆ վարչակազմը երբեք դեմ չեն եղել, որպեսզի Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներն ապահովագրական պոլիսներ ստանան: