Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Րյաբովը այսօր Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն արեւմտյան երկրների չի քննարկում խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին հարցը: Նման պատասխանատու պաշտոն ղբաղեցնող` Ռուսաստանի դիվանագետի անտեղյակությունը կասկած է հարուցում նրա պրոֆեսիոնալ հատկությունների վերաբերյալ: Հայտնի է, որ Ռուսաստանի Պետական Դուման մի քանի տարի առաջ պաշտոնապես ճանաչել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը: Պարոն Րյաբովը նաեւ հայտարարել է, որ «ղարաբաղյան հիմնահարցը փուլային լուծում է պահանջում»: Առաջին փուլում նա առաջարկում է լուծել, անվտանգության գոտու ղարաբաղյան ուժերի կողմից վերահսկվող, տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հարցը, իսկ երկրորդ փուլում` քննարկել Ղարաբաղի ապագա կարգավիճակը: Այդ նախաձեռնությունը չի համընկնում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ, որը հանդիսանալով Մինսկի խմբի համանախագահ, հանդես է եկել որպես նախաձեռնությունների փաթեթի համահեղինակ, որը ընդունվել է Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից եւ մերժվել Ադրբեջանի կողմից: Հիշեցնենք, որ համանախագահների առաջարկները չէին ենթադրում կարգավորման փուլային տարբերակ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: