AM
3 April 2002 - 17:40 AMT

ԲԱՔՎՈՒՄ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ ՀԱՎԱՏԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՑԱԾՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ

Բաքվում հրատարակվող «Ամենօրյա նորություններ» թերթը բանավեճի մեջ է մտել Բաքվի մեկ այլ «Զերկալո» թերթի հետ, որը մի շարք հոդվածներ էր հրապարակել, կոչված համոզելու հայրենակիցներին, որ հայկական բանակի մարտական ոգին չափազանց ցածր է: «Ամենօրյա թերթի» մեկնաբանի համոզմամբ, տեղեկատվությունն այն մասին, որ «հայկական բանակը հազիվ է շնչում», գալիս է Երեւանից, որպեսզի թյուրիմացության մեջ գցի ադրբեջանցիներին եւ նրանց մոտ առաջացնի հանգստության զգացմունք սեփական բանակի վիճակի համար, որը, իրականում, շատ հիմնախնդիրներ ունի: «Ցավոք սրտի, դեռեւս մեզանում կան մարդիկ, որոնք պիառ-ը ընդունում են որպես ճշմարտություն»,- գրում է թերթը: Բաքվեցի լրագրողի խոսքերով, նրա որոշ հայրենակիցներ, «որոնք կուլ են տվել Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից սարքված խայծը, եւ հավատացել են, որ շուտով հայկական բանակը վերջնականապես կտկարանա եւ նրան հնարավոր կլինի հեշտությամբ հաղթել, գտնվում են էյֆորիայի վիճակում»: «Այնինչ թշնամուն վտանգավոր է ինչպես թերագնահատելը, այնպես էլ գերագնահատելը: Թշնամին ոչ հիմար է, ոչ էլ տկար»,- եզրափակում է հեղինակը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: