AM
1 October 2009 - 13:43 AMT

Հայաստանի կառավարությունը հաստատել է Լոռու մարզի 2010-2011թթ. զարգացման ծրագիրը

«Արդեն ավանդական են դարձել մեր արտագնա նիստերը, եւ կարող ենք արձանագրել, որ դրանք դրական ազդեցություն են թողնում մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր ծրագրերի իրականացման տեսանկյունից»,- հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում տեղի է ունեցած ՀՀ կառավարության արտագնա նիստի ժամանակ: Նրա խոսքով, «կառավարությունն ավելի առարկայական պատկերացում է կազմում խնդիրների վերաբերյալ, տեղում (մարզում) լինելով ավելի լավ է զգում, թե ինչ հարցեր են առավելապես մտահոգում մեր հայրենակիցներին, մեր քաղաքացիներին»:

Բացի դրանից, կառավարության ղեկավարի խոսքով, նախարարությունները ստանում են փոխադարձ կապ եւ հստակեցնում իրենց ծրագրերը` տարածքային զարգացման տեսանկյունից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում կարեւորագույն դրույթ է տարածքների համաչափ զարգացումը, կառավարության արտագնա նիստերը նաեւ այդ նպատակն են հետապնդում: «Տարածքների համաչափ զարգացումը բարենպաստ ազդեցություն է գործում նաեւ մայրաքաղաքի խնդիրների արդյունավետ լուծման վրա»,- ասել է նա:

Կառավարության արտագնա նիստն սկսվել էԼոռումարզի 2009թ. սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ մարզպետ Արամ Քոչարյանի հաշվետվությամբ: Նա ըստ բնագավառների ներկայացրել է նաեւ մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, պատասխանել վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ կառավարության անդամների հարցերին: ՀՀ կառավարությունը ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը: ՀՀ կառավարությունըհաստատել է Լոռու մարզի 2010-2012թթ. զարգացման ծրագիրը: Մարզպետին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մշակել ծրագրի իրականացման աշխատանքային պլան, այդ ընթացքում ապահովել համայնքների, հասարակական կազմակերպությունների եւ անկախ փորձագետների ակտիվ մասնակցությունը: