Անցյալ տարվա համեմատ` անշարժ գույքի գները Երեւանի կենտրոնում աճել են 30-35 տոկոսով: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է Անշարժ գույքի հայկական ասոցացիայի նախագահ Արտյոմ Պրիբիլսկին: Այսօրվա տվյալներով, ամենացածր արժողությամբ բնակարանները գտնվում են Շենգավիթի եւ Հարավ-Արեւմտյան թաղամասերում եւ Նորքի վերջին զանգվածներում: Պրիբիլսկու խոսքերով` անշարժ գույքի պահանջարկի պակասը եւ համապատասխանաբար գների իջեցումը, որը նկատվում էր 1997 թվականին, հասավ իր կրիտիկական նշանին 2000 թվականին: 2001 թվականի սկզբից սկսվեց գների բարձրացում, որը պայմանավորված էր Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարություններով: Սակայն, տարվա վերջին պահանջարկի նվազում չնկատվեց, եւ գների բարձրացման տենդենցիան պահպանվեց ամսական 3-3,5 տոկոսի սահմաններում: Պրիբիլսկու կարծիքով, անշարժ գույքի հանդեպ շարունակվող պահանջարկի աճը կապված է Հայաստանի բանկային համակարգում տիրող անկայուն իրավիճակի հետ: Վերջին ամիսների ընթացքում մի քանի բանկերի սնանկությունը, ինչպես նաեւ տոկոսադրույքի նվազումը նպաստում են բանկերից անշարժ գույքի ոլորտ կապիտալի հոսքին: Սակայն այս տարվա ընթացքում տվյալ իրավիճակը կկարգավորվի եւ, եթե նախընտրական արշավն անցնի առանց անակնկալների, գների աճը կկանգնի ամսական 1-1,5 տոկոսի վրա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: