AM
3 Հոկտեմբեր 2009 - 08:44 AMT

Հայաստանը դեռեւս շատ անելիք ունի օրենքների կիրառման գործում

«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանի համագործակցության շրջանակներում ինձ պարգեւատրելու համար»,-այսօրվա մամլո ասուլիսում հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջաննի Բուկիկիոն:

Ըստ նրա, համագործակցությունը ՀՀ-ի ու Վենետիկի հանձնաժողովի միջեւ բավական երկար է շարունակվում , սկսած 1995թ., երբ Հայաստանը դարձավ Վենետիկի հանձնաժողովի անդամ: «Գլխավոր հարցերը, որոնց շուրջ մենք սերտ համագործակցություն ենք հաստատել, վերաբերում են ՀՀ սահմանադրական բարեփոխումներին, Ընտրական օրենսգրքում, «Հանրահավաքների մասին» եւ «ԶԼՄ-ների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու ուղղությամբ»,-ասել է Բուկիկիոն:

Նա նաեւ ընդգծել է, որ 15-ամյա համագործակցության ընթացքում զգալի բարելավում է գրանցվել Հայաստանում, քանի որ ՀՀ-ն զգալի քայլեր է կատարել հասարակության ժողովրդավարացման ճանապարհին: Նա նաեւ հավելել է, որ, անշուշտ, կան բազում հարցեր, որոնք լուծման կարիք ունեն: «Պետք է հասկանալ, որ չի կարելի բոլոր խնդիրները միանգամից լուծել, քանի որ դա բավական ժամանակ է պահանջում»,-ասել է Բուկիկիոն:

Սեպտեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Հայաստանի եվրաինտեգրմանն աջակցելու եւ ՀՀ-ում իրավական բարեփոխումների իրականացման գործում ունեցած ավանդի համար Եվրոպայի Խորհրդի «Դեպի ժողովրդավարություն իրավունքի միջոցով» (Վենետիկի հանձնաժողով) հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջաննի Բուկիկիոյին Պատվո շքանշանով պարգեւատրելու վերաբերյալ: