AM
29 March 2002 - 17:54 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԱՂԱՎԱՂՈՒՄ Է ԱՅՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ, ՈՐՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՌԴ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վիկտոր Կալյուժնու առաջարկը` վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մտնում է այն գաղափարների շրջանակը, որ դավանում են Եվրամիությունը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Րյաբովը: Դիվանագետը գտնում է, որ Ադրբեջանը պետք է շահագրգռված լինի դրանում, սակայն, բնական է կցանկանար փոխարենը էական ինչ-որ բան ստանալ: Րյաբովի կարծիքով, «Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից հատուկ ներկայացուցիչների նշանակումը, որոնք համատեղ կաշխատեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահների հետ, կոչված է քննարկելու ոչ գլոբալ բնույթի հարցեր: Դա թույլ կտա փուլ առ փուլ«պարարտ հող» նախապատրաստել հակամարտության կարգավորման համար:Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ կարող է քննարկվել նաեւ տարածքների ազատման հարցը երկաթուղային հաղորդակցության վերականգնման դիմաց»,- հայտարարել է Ռուսաստանի դեսպանը: Այնինչ, նախաձեռնությունը, որով հանդես էր եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը չէր ենթադրում նախնական պայմանների հնարավորություն: Դրա ամբողջ իմաստը կայանում էր այն բանում, որ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, որը տնտեսապես շահավետ է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ադրբեջանի համար, կարող էր խթան հանդիսանալ տնտեսական մեխանիզմների գործողությունը ապահովելու համար, ինչը դրականորեն կազդեր հիմնահարցի քաղաքական լուծման գործընթացի վրա: Այդպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի իշխանություններին դուր գալու ձգտումը , ստիպել է Ռուսաստանի դեսպանին Բաքվում ոչ միայն խմբագրել իր պետի մտքերը, այեւ աղավաղել դրանց բովանդակությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: