«Սկսելով մեր համագործակցությունը «ReAnimania» Միջազգային անիմացիոն կինոփառատոնի հետ, մենք համոզված էինք հաջողության մեջ: Տվյալ դեպքում` դա նպաստում է հայկական անիմացիոն արվեստի մասսայականացմանը», – ասել է «Annecy» Միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Տիցիանա Լոշինը:
Երկու փառատոնների համագործակցության նպատակն է` հայտնաբերել երիտասարդ տաղանդավոր հայ անիմատորներին եւ աջակցել անիմացիոն ինդուստրիայի զարգացմանը Հայաստանում:
«Յուրաքանչուր համաշխարհային փառատոնին հետաքրքիր է բացահայտել ինքնատիպ արվեստը, իսկ հայկական անիմացիոն արվեստը շատ ինքնատիպ է եւ կարող է ճանաչում գտնել արտասահմանում», – նշել է Լոշինը:
«Annecy»- ն անիմացիոն կինոյի հնագույն եւ լավագույն փառատոնն է: Հիմնադրվել է 1956 թ-ին` Կաննի փառատոնի շրջանակներում, որպես առանձին անիմացիոն ծրագիր: Չորս տարի անց անիմատորները բաժանվեցին կինոփառատոնից եւ հանգրվան գտան Անենսի փոքր քաղաքում: