«Հայաստան» համահայկական hիմնադրամը, ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, Հայաստանի ագրարային համալսարանում սովորող, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի զավակ հանդիսացող, սոցիալապես անապահով եւ ուսումնական բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար սահմանել է կրթաթոշակ` ուսման վարձի փոխհատուցման տեսքով:
Լավագույն ուսանողներիթեկնածությունը Հիմնադրամին կներկայացնի համալսարանի ղեկավարությունը, ի դեմս` ռեկտոր Արշալույս Թարվերդյանի: Ուսանողների վերջնական ընտրությունը կկատարի Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմինը: Ընտրված ուսանողներից յոթը կրթաթոշակ կստանան մեկական կիսամյակ, երկուսը` երկու կիսամյակ, իսկ լավագույն ուսանողը ողջ ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմությունն ապահովելու դեպքում կրթաթոշակով կպարգեւատրվի մինչեւ ուսման ավարտը:
«Ակնկալում ենք, որ այս լավագույններն իրենց գիտելիքներն ու հետագա փորձառությունը կնվիրաբերեն հայրենիքի շենացման գործին»,- հույս հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը: