«ReAnimania» կինոփառատոնի փակման օրը, տարբեր երկրների հայտնի անիմատորները խոսում էին իրենց տպավորությունների մասին, եւ բոլորը մեկի պես պնդում էին, որ փառատոնը գտել է իր տեղը նմանատիպ փառատոնների շարքում:
«Հայկական անիմացիան շատ յուրօրինակ է, եւ կարող է համաշխարհային ճանաչում ստանալ, սակայն դրա համար անհրաժեշտ է ապահովել կայուն անիմացիոն ինդուստրիա»,- ասել է Annecy Միջազգային կինոփառատոնի տնօրեն Տիցիանա Լոշինը:
Հայտնի բրազիլական անիմատոր Օտտո Գերան իր հերթին նշել է. «Գալով Հայաստան`«ReAnimania» փառատոնին, ես սպասում էի տեսնել «ռուսական» երկիր, սակայն գտա այստեղ կենսուրախ մարդկանց, եւ երկիր, որը իր ջերմությամբ հիշեցնում է Բրազիլիան: Իսկ փառատոնը ապացուցեց հայկական անիմացիոն արվեստի զարգացությունը»:
«Անիմացիան` դա ընդամենը պատմությունների ներկայացման տեխնիկա է, իսկ Հայաստանը գտնվում է մշակույթի խաչմերուկում եւ ունի հարուստ մշակութային ժառանգություն: Հայկական անիմացիոն կինոն ունի աշխարհը նվաճելու բոլոր շանսերը, եթե օգտագործվեն պատմական եւ մշակութային կարողությունները»,- ընդգծել է հայտնի անիմացիոն կինոյի հոլիվուդյան պրոդյուսեր Մաքս Հովարդը:
Հոկտեմբերի 3-6-ը Երեւանում անցնում է «ReAnimania» առաջին Միջազգային անիմացիոն կինոփառատոնը, որի շրջանակներում ցուցադրվել է 100 անիմացիոն ֆիլմ`31 երկրից: «ReAnimania»-ն համագործակցում է Annecy Միջազգային կինոփառատոնի, Շտուգհարդի կինոփառատոնի, Aardman Studio-յի, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի եւ այլ կազմակերպությունների հետ: Փառատոնը նվիրված է 3D անիմացիայի հիմնադրի` Ալեքսանդր Շիրինյանի հիշատակին: Փառատոնը կանցկացվի ամեն տարի:
Փառատոնի կազմակերպմանը աջակցեցին Հայաստանում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրազրլիայի եւ Գերմանիայի դեսպանատները: Փառատոնի գլխավոր հովանավորն է VivaCell-MTS կազմակերպությունը: