AM
28 March 2002 - 18:12 AMT

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆԸ

Պաշտոնական Անկարան խրախուսում է պանթուրքիզմի գաղափարները: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդպիսի եզրակացության են եկել Ռուսաստանի «Ստռանա. Ռու.» տեղեկատվական-անալիտիկ ինտերնետ-պորտալի մեկնաբանները` ծանոթանալով Թուրքիայի իշխանությունների կողմից ֆինանսավորվող «Այիդլիզ» նոր ինտերնետ-թերթի բովանդակությանը: Թուրքալեզու թերթը նախատեսված է, սահամանակից երկրներում բնակվող, թուրքալեզու մուսուլմանների համար: Ինչպես նշում է «Ստռանա.Ռու.»-ն, ինտերնետ-թերթի առջեւ դրված խնդիրները կասկած չեն թողնում այն բանում, որ թուրքական իշխանությունները մտադիր են օգտագործել նոր ստեղծված գաղափարախոսական կառույցները որպես սեփական մարտավարական եւ տնտեսական դիրքերի ուժեղացման միջոց մի տարածաշրջանում, որը, Անկարայի կարծիքով, պատրաստ է ընկալել միջնադարի կրոնական դրույթները: Նորից առաջ է քաշվում թուրքական ժողովուրդների միացյալ եւ հզոր պետության մեջ միավորվելու գաղափարը լեզվի, կրոնի եւ մշակույթի ընդհանրության հիմքի վրա: Տպագրված է եւ բոլոր կրոնական հավաքույթների եւ ցույցերի ժամանակ ցուցադրվում է ապշեցուցիչ «Թուրքական աշխարհի քարտեզը»: Այդ աշխարհի մեջ ընդգրկված են առնվազն ինքը Թուրքիան, ինչպես նաեւ հյուսիսային Կիպրոսը, Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, ինչպես նաեւ Ռուսաստանի, Իրաքի, Չինաստանի, Մոնղոլիայի, Աֆղանստանի շատ տարածաշրջաններ եւ աշխարհի այլ տարածքներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: