AM
28 March 2002 - 18:14 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԿՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՊԱՌԱԿՏՄԱՆ ԵԶՐԻՆ

«Արմինֆո» գործակալության տվյալներով, Հայաստանի Ազգային ժողովի երկու պատգամավորական խմբեր` Ագրո-արդյունաբերական ժողովրդական միավորումը եւ «Ժողովրդական պատգամավոր»-ը հայտնվել են պառակտման եզրին: Ագրո-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, հակասությունները խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանի եւ մյուս անդամների միջեւ խորանում են: Աղբյուրի վկայությամբ, գործը հասել է ծեծի: Պատգամավորական խմբի որոշ անդամներ պատրաստ են դուրս գալ նրա շարքերից, եթե Հմայակ Հովհաննիսյանը իր կամքով չլքի խմբի ղեկավարի պաշտոնը: Միեւնույն ժամանակ, հաղորդել է աղբյուրը, երկրի բարձրագույն ղեկավարությունը պատգամավորական խմբի ներկայացուցչի հետ վերջերս ունեցած հանդիպման ժամանակ հասկացրել է, որ շահագրգռված է պատգամավորական խմբի պահպանման մեջ: Աղբյուրի խոսքերով, պատգամավորական խմբի վերջնական ճակատագիրը կորոշվի մի քանի օրից, երբ Հմայակ Հովհաննիսյանը հանրապետություն կվերադառնա ծառայողական գործուղումից: Աղբյուրի հավաստիացմամբ, նմանատիպ վիճակ է ստեղծվել նաեւ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբում, որը գլխավորում է Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ վերջերս խմբի ղեկավարը հայտարարել էր պատգամավորական խմբի հիման վրա կուսակցություն ստեղծելու մտադրության մասին, ինչը եւ հանգեցրել էր բախման Կարապետյանի կողմնակիցների եւ խմբի ոչ ֆորմալ առաջնորդ` արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի կողմնակիցների միջեւ: Կարապետյանը եւ Հովհաննիսյանը ոչ մի կերպ չեն կարողանում որոշել, թե նրանցից ով կղեկավարի ստեղծվող կուսակցությունը: Աղբյուրը նշել է, որ եթե այդ հարցի շուրջ կողմերը չհասնեն փոխզիջման, պատգամավորական խումբը կպառակտվի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: