AM
24 June 2003 - 17:25 AMT

ԱԿՍՎԱԾ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԷ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

ԱՄՆ հայկական համայնքի եւ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների միջեւ հայ-թուրքական հարաբերությունների ձեւավորմանը նպատակաուղղված բանակցությունները վտանգավոր չեն: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը` ավելացնելով, որ հայ-թուրքական երկխոսությունը նորություն չի: Նրա խոսքերով` երկկողմ բանակցությունները շարունակվում են մի քանի տարի, սակայն Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչներն առաջին անգամ են մասնակցում դրանց: Ադրբեջանական «ANS» հեռուստաալիքին տված հարցազրույցում, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Գուլիեւը բնական է համարել այն փաստը, որ թուրքական կողմը ցանկանում է շփումներ հաստատել հայկական լոբբի հետ, «որը փաստորեն, ղեկավարում է Հայաստանի քաղաքականությունը»: Նրա կարծիքով, դա արվում է, որպեսզի բացահայտի հայկական կողմի մտադրությունները: «Հայկական լոբբին երկար ժամանակ ԱՄՆ-ում իրականացնում էր հակաթուրքական քաղաքականություն եւ մեղադրանքներով հանդես գալիս Անկարայի հասցեին: Եկել է ժամանակը, որպեսզի Թուրքիայի դիվանագիտական եւ պաշտոնական շրջանակները սկսեն արձագանքել այդ մեղադրանքներին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: