Հոկտեմբերի 13 Կոմիտասի անվան կամերայի երաժշտության տանը տեղի կունենա «Վերադարձ» դասական երաժշտության երրորդ փառատոնի չորորդ համերգը:
Համերգին կմասնակցեն հայտնի սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանը (Գերմանիա) եւ աշխարհահռչակ ակորդեոնիստ, կոմպոզիտոր եւ դիրիժոր Էնրիկե Ուգարտեն (Իսպանիա): Համերգի ծրագրում ընդգրկվել են Միոյի, Պիազոլիի, Պիտոյի, Մոնթիի, Ռոդրիգոյի, Դինիկույի, Պլազայի, Ռավելի եւ Խաչատրյանի ստեղծագործությունները:
Կորյուն Ասատրյանը` բազմաթիվ պարգեւների դափնեկիր եւ մի շարք միջազգային փառատոնների մասնակից է: Նա ծնվել է 1985թ., Երեւանում: 2002 թ-ին տեղափոխվել է Գերմանիա: Սովորել է «Դեթմոլդ» երաժշտական ակադեմիայում` Դանիել Գոթյեի ղեկավարության տակ: 2007 թ-ին ավարտել է Քյոլնի երաժշտական ակադեմիան:
Էնրիկե Ուգարտեն ծնվել է 1957թ., Իսպանիայում: Չորս տարեկանում սկսել է ակորդեոն նվագել, վեց տարեկանում գրել է իր առաջին երաժշտությունը, յոթում` կայացավ նրա առաջին համերգը: Սան-Սեբաստիան քաղաքի «Բարձրագույն կոնսերվատորիայի» շրջանավարտն է:
«Վերադարձ» դասական երաժշտության փառատոնը անց է կացնում «Արվեստների պատկերասրահ» Մշակութային հիմնադրամը` Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովհանու ներքո եւ VivaCell-MTS ընկերության ֆինանսական աջակցությամբ:
«Վերադարձ» Երրորդ դասական երաժշտության փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին: 6 համերգներից բաղկացած Փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին: