AM
24 June 2003 - 14:40 AMT

ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պիտեր Շիդերն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ադրբեջանական բանտերում պահվող քաղաքական բանտարկյալներին: Ինչպես Ստրասբուրգում նախորդ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ նախագահը, «Եվրախորհրդի երկրներում քաղաքական բանտարկյալներ լինել չեն կարող, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով բանտարկված մարդկանց»: «Անդամակցությունը մեր կազմակերպությանը հարգանք է նախատեսում Եվրախորհրդի չափանիշների նկատմամբ եւ իրավունք չի տալիս շարունակել մեր հիմնարար արժեքներին եւ սկզբունքներին հակասող գործողությունները», – ասել է նա: Միեւնույն ժամանակ, Պ. Շիդերը հայտարարել է, որ մերժվել է ադրբեջանական կողմի խնդրանքը Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ հարցի քննարկումը ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջան տեղափոխելու վերաբերյալ: Իր խնդրանքը Բաքուն պատճառաբանել էր երկրում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններով: Տվյալ հարցի քննարկումը տեղի կունենա հունիսի 26-ին, ինչպես եւ նախատեսվում էր, ընդգծել է Շիդերը: