Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում Հդնկաստանի նորանշանակ դեսպան Աչալ Կումար Մալհութրային, ով ՀՀ ԱԳՆ ղեկավարին հանձնեց իր հավատարմագրի պատճեն: Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել հայ – հնդկական բարեկամական, գործընկերային հարաբերությունները եւ հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների խորացման գործում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսության ծավալմանը, առեւտրա-տնտեսական հարաբերությունների կանոնակարգմանը, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանը եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Հնդիկ դիվանագետի խնդրանքով` Հայաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող վերջին զարգացումները:
Էդվարդ Նալբանդյանը եւ Դեսպան Մալհոթրան մտքեր փոխանակեցին հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Հնդկաստանի դեսպանն իր աջակցությունը հայտնեցՀայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:






