Երեւանում տեղի է ունեցել ԵՄ խորհրդատվական խմբի նիստը, որն աջակցում է Հայաստանի պետմարմիններին Հայաստան-ԵՄ եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի արդյունավետ կատարմանը: Բացելով նիստը, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հաղորդել է, որ Հայաստան-ԵՄ ծրագիրն արդեն հաստատված է եւ ներառում է 197 միջոցառում ու գործողություն:
«Ամփոփելով մինչ ընթացիկ տարվա սեպտեմբերն իրականացված աշխատանքները, կարելի է գրանցել, որ ԵՄ խորհրդատվական խումբը, որը բաղկացած է 10 փորձագետ խորհրդատուներից, բավական արդյունավետ աշխատանք է կատարել ՀՀ պետմարմիններում: Ակնկալվում է, որ եւս 6 միջազգային փորձագետ կմիանա խմբին»,-ասել է Ա.Բաղդասարյանը: Նա հատկապես կարեւորել է Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության, մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի, ԵՄ-ի հետ Հայաստանի առեւտրի ազատ գոտու մասին համաձայնագրի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքը:–ԿԱ–
«Մենք առավել արդյունավետ աշխատանք ենք ակնկալում Խորհրդատվական խորհրդից, ինչը թույլ կտա մեզ քայլ առաջ կատարել մեր երկրում բարեփոխումների իրագործման առումով»,-ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
Հայաստան ԵՄ Խորհրդատվական խմբի գործուղման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2008թ. նոյեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի ժամանակ: Խմբի նպատակն է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Հայաստանի պետմարմիններին, որպեսզի երկիրը կարողանա արդյունավետ կերպով իրագործել եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը:






