AM
20 March 2002 - 15:10 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ ԱՄՆ ԶՈՐՔԵՐԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Հայաստանի խորհրդարանի պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը կոչ է արել երկրի ղեկավարությանը եւ քաղաքական ուժերին քննարկել ամերիկյան զորքերի Հարավային Կովկաս մուտք գործելու հետ կապված իրավիճակը եւ այդ նպատակով կազմակերպել խորհրդարանական լսումներ: Նրա խոսքերով, ԱՄՆ ռազմական միավորումների ներկայությունը Վրաստանում վերջին հաշվով կհանգեցնի այնպիսի իրավիճակի, երբ Հարավային Կովկասում միաժամանակ կտեղակայվեն եւ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-յի զորքերը: «Դեպքերի նման զարգացումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա»,- նշել է Վ.Դալլաքյանը: Նա ենթադրել է, որ «ՆԱՏՕ-ի զորքերի վերջնական հաստատումից հետո Հարավային Կովկասում կհայտնվի մի ուժ, որը կփորձի ստիպել Հայաստանին եւ ԼՂՀ-ին ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորման անբարենպաստ լուծում»: Դրանից բացի, Վ.Դալլաքյանը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերի միավորումների տեղաբաշխումը Վրաստանում ուղղված է վրացական պետության փլուզման դեմ: «Այս տեսակետից չի կարելի բացառել, որ ամերիկյան զորքերը նման առաքելությամբ կարող են հայտնվել Ադրբեջանում»,- նշել է նա: Դալլաքյանը ընդգծել է, որ «դեռեւս 2001 թվականի վերջում ԱՄՆ դեսպանը Ադրբեջանում հայտարարել էր, որ Բաքվում ամերիկյան դիվանագիտության հիմնական նպատակներից մեկը` դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է»: «Հետեւապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում նախանշվում են շատ վտանգավոր միտումներ եւ մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»,- հայտարարել է նա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: