Հայկական դիվանագիտությունը պետք է բոլոր ուղիներով տեղեկացնի միջազգային հանրությանը, որ Հայաստանը կասկածի տակ չի դնում Հայոց ցեղասպանության փաստը եւ շարունակելու է նրա միջազգային ճանաչման գործընթացը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտնել է ՀՅ Դաշնակցության քաղաքական հարցերով «Հայ Դատ» Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Բացի կանադական ու շվեդական լրատվամիջոցներից, որոնք արդեն սկսել են կասկածել, արդյոք եղել է Հայոց ցեղասպանությունը, թե ոչ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրումից հետո ամերիկյան առաջատար հրատարակություններն իրենց հրապարակումներում գրում են, որ Հայաստանը, համաձայնվելով պատմական ենթահանձնաժողովի ստեղծմանը, հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը: Պարզ է մի բան, որ բոլոր շրջանակները, որոնք հանդես էին գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, օգտագործելու են այդ հանգամանքը»,- ասել է Կիրո Մանոյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ եթե Հայաստանի ԱԳՆ ու դեսպանատները չպայքարեն այդ կարծիքի դեմ, ապա Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի նախաշեմին երկիրը կբախվի «թուրքական ցունամիի» հետ: «Եթե այսօր Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ են դնում դեռեւս չորս լրատվամիջոցներ, ապա մինչեւ ապրիլ նրանց թիվը կարող է աճել, եթե մենք անհրաժեշտ միջոցներ չձեռնարկենք»,- ասել է «Հայ դատի» ղեկավարը:
Կանադական Embassy magazine ազդեցիկ ամսագիրը, ինչպես նաեւ շվեդական Metro եւ Svenska Dagbladet թերթերը կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության փաստը` իրեն հոդվածներում «Ցեղասպանության» փոխարեն օգտագործելով «հայկական ջարդեր» տերմինը:






