AM
28 Հոկտեմբեր 2009 - 14:46 AMT

Դերասանուհի Արմինե Մացակյանը կրկին արժանացել է մոնոներկայացումների «Մարիա» միջազգային թատերական փառատոնի մրցանակին

Դերասանուհի Արմինե Մացակյանն երկրորդ անգամ արժանացել է Կիեւում տեղի ունեցած մոնոներկայացումների «Մարիա» միջազգային թատերական փառատոնի մրցանակին: Այս տարի փառատոնը նվիրված էր Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործությանը, որը նշում է իր 80-ամյակը:

«Այս տարի «Մարիա» փառատոնում ես ներկայացրեցի «Լեդի Մաքբեթ» մոնոներկայացուցմը, բեմադրիչ` Թեմուր Աչինյան: Փառատոնի ժյուրին շնորհեց ինձ գլխավոր մրցանակը` «Ոսկե Մարիա»: Առաջին «Ոսկե Մարիան» ես ստացա 2007-ին «Ինձանից քեզ» մոնոներկայացման համար, որը հիմնված է վանաձորցի բանաստեղծ ու գրող Սամվել Զուլոյանի ստեղծագործության վրա: Բեմադրիչն է Շուշանիկ Ավետիսյանը»,-ասել է դերասանուհին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

Հայ դերասանուհու խաղը քննադատները շատ բարձր են գնահատել` ընդգծելով էմոցիոնալ հագեցվածությունն ու գործուն էներգետիկ կապը հանդիսատեսի հետ:

Բացառապես կանանց մոնոներկայացումների ամենամյա փառատոնում, որ հիմնադրվել է 2004-ին, հայ դերասանուհի Արմինե Մացակյանի մրցակիցներն էին պրոֆեսիոնալներ Լեհաստանից, ՌԴ-ից, Իսրայելից, Ուկրաինայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից:

Արմինե Մացակյանը թատերական կրթությունը ստացել է թատերական ստուդիայում, որը գործում է Վանաձորի Հովհաննես Ադամյանի անվան դրամատիկական թատրոնին կից: 1993-2000թթ. դերասանուհին աշխատել է Վանաձորի դրամատիկական թատրոնում: 2004թ. դերասանուհին մասնակցել է մոնոներկայացումների հեղինակավոր «Թեսպիս» թատերական փառատոնին: