AM
28 October 2009 - 14:54 AMT

Ֆրենկ Շվայքերթ. «Արեւորդի» էկոփառատոնը ունի տարածաշրջանային նշանակություն

Հոկտեմբերի 28-ին, Երեւանում «Արեւորդի» փառատոնի շրջանակներում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն, որը կազմակերպված էր փառատոնի մասնակիցների եւ ժյուրիի անդամների պատվին:

«Համեմատած այլ փառատոնների հետ «Արեւորդի» փառատոնը ես շատ պրոֆեսիոնալ եմ գտնում: Կազմակերպիչների եւ մասնակիցների մոտ մեծ մոտիվացիա կա», – այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշել է էկոփառատոնի հիմնական ծրագրի ժյուրիի անդամ Ֆրենկ Շվայկերտը: Նրա խոսքերով, փառատոնը ունի տարածաշրջանային նշանակություն, քանի որ քննարկվող թեմաները ոչ միայն ազգային, այլ նաեւ միջազգային կարեւորություն:

«Մինչեւ փառատոնի վերջը մենք պետք է դիտենք 16 ֆիլմ, եւ մեր նպատակն է գտնել այնպիսի ֆիլմ, որը ամենից շատ կտա հասարակությանը եւ հետաքրքիր կլինի յուրաքանչուր հանդիսատեսի համար», – ընդգծել է Շվայկերթը PanARMENIAN.Net.-ի թղթակցի հետ զրույցում:

Փառատոնի շրջանակներում կազմակերպվել էր նաեւ բնապահպանական թեմաներով ֆիլմերի ցուցադրություն, այդ թվում նաեւ Ֆրանսիայից:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը նշել է այդպիսի միջոցառումների կարեւորությունը, եւ ավելացրել է «Պետք է միշտ ուշադիր լինել բնության նկատմամբ: Բնապահպանական խնդիրներ կան ողջ աշխարհում եւ նրանց լուծումը շատ կարեւոր է: Նմանատիպ փառատոնները օգնում են բարձրացնել հասարակության տեղեկատվության մակարդակը եւ գլոբալ խնդիրների լուծումներ գտնել:

Ընդունելությանը ներկա էին ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կոպինոսը, «Արեւորդի» փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ժյուրիի անդամներ, արվեստի գործիչներ եւ փառատոնի մասնակիցները: