AM
30 Հոկտեմբեր 2009 - 15:41 AMT

ՀՀ ԱԱԽ քննարկել է ՀԱՊԿ շրջանակներում ռազմատնտեսական համագործակցության ակտիվացումը

ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի` սեպտեմբերի 30-ին Բրեստում կայացած նիստի արդյունքները ներկայացրել է Արթուր Բաղդասարյանը: Քննարկվել են ընդունված որոշումները կյանքի կոչելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Պաշտպանության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի նախարարությունների, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները ներկայացրել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2008 թվականի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրագործման միջոցառումների պլանի կատարման, ինչպես նաեւ` ՀԱՊԿ շրջանակում ստորագրված պայմանագրերի եւ համաձայնագրերի վավերացման ընթացքը:

Քննարկվել է ՀԱՊԿ շրջանակում ռազմատնտեսական համագործակցության ակտիվացման հարցը, որոշվել է շահագրգիռ գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա ձեւավորել ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման առաջարկությունների փաթեթ, ինչպես նաեւ` քայլեր ձեռնարկել ՀԱՊԿ խորհրդի որոշումների կատարման ընթացքն ապահովելու ուղղությամբ:

Հանձնաժողովը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի նախագահության ընթացքը ՀԱՊԿ-ի կողմից գնահատվել է գերազանց, քանի որ այդ ընթացքում կայացվել են կազմակերպության որակական զարգացմանն ուղղված կարեւոր որոշումներ, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը: